AM
17 June 2023 - 12:48 AMT

Ադրբեջանը «լի է վճռականությամբ` ինտեգրելու Ղարաբաղի հայերին»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Բաքուն լի է վճռականությամբ «վերաինտեգրելու Ղարաբաղի շրջանում ապրող էթնիկ հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում, հայտնում է Interfax.az-ը։

«Ադրբեջանի սահմանադրությունն ու օրենսդրությունը, այն միջազգային փաստաթղթերի հետ մեկտեղ, որոնց մասնակից ենք մենք, ամուր հիմք են ստեղծում այդ նպատակին հասնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: