Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով ապաշրջափակման հարցերին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն դժվար է բանակցել երկու երկրի սահմանին շարունակվող բախումների պայմաններում, երբ մարդիկ են զոհվում։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա ասել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումից՝ ելնելով կողմերի ինքնիշխանության հանդեպ հարգանքից։
«Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի հատվածները լինելու են այն երկրների ինքնիշխանության տակ, որոնց տարածքով անցնելու են՝ ադրբեջանական հատվածում Ադրբեջaնի, հայկական հատվածում՝ Հայաստանի։ Կարծես թե ակնհայտ բաներ են, բայց, հաշվի առնելով երկրների հարաբերությունները, այդ ամենը պետք է հստակեցնել։
Նորագույն պատմության ընթացքում ՀՀ-ն և Ադրբեջանը չեն ունեցել կապեր, պատերազմ է եղել, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն, մինչ օրս սահմանին տեղի են ունենում զինված բախումներ և մարդիկ են զոհվում․․․Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ հակամարտող կողմերը սկսել են խոսել տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին մարտական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում, պետք է հասկանալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանն այլընտրանք չկա»,-ասել է Օվերչուկը։
Ըստ նրա, խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց խաղաղ փոխգործակցության հնարավորություն տալն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և բեռները կփոխադրվեն, նորմալ կյանք կսկսվի, առևտուր, և աստիճանաբար հին վերքերը երկրորդ պլան կմղվեն։
Օվերչուկը նշել է, որ ամենամեծ խնդիրը վստահությունն է։
«Հենց այդ պատճառով են բանակցություններն այդքան դանդաղ ընթանում։ Ճանապարհից օգտվելու են սովորական մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու սահմանը հատելիս, որքանո՞վ ապահովված կլինի նրանց անվտանգությունը։ Այսօրվա դրությամբ սա է հիմնական հարցը․․․Անշուշտ, շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե սահմանին կրակոցներ չլինեին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։
Խոսելով երկաթուղու բացման ժամկետների մասին՝ Օվերչուկն ասել է, որ այդ հարցի հստակ պատասխան դեռ չկա:
«Երբ պայմանավորվենք և համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություններ դրվեն, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել երկաթուղու վերականգնումը, որը գոյություն ուներ ԽՍՀՄ տարիներին և որից օգտվում էին և հայերը, և ադրբեջանցիները», – ասել է նա։
Հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: