Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումն Արցախ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է մոտ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ մոտ 20 տոկոսի:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում հունիսի 19-ից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները), հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ 175 բուժառու՝ տարբեր ախտորոշումներով, սպասում է Հայաստանի Հբուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: