ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և ՀՀ հարաբերությունների մասին, ասել է, որ նույնիսկ չի ուզում մտածել այդ դրանց խզման հնարավոր հետևանքների մասին՝ դրանք ակնհայտ են։
Նա նշել է, որ շատ ակտիվ աճում է ՀՀ տնտեսությունը, 2022-ին աճը կազմել է 12․6 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում։
«Եվ բոլորը հասկանում են, որ այդ տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների գործարար որակներն են և ՌԴ ու ԵԱՏՄ տնտեսությունների անարգել հասանելիությունը»,-ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի համար հիմնական շուկան է։
Նա նշել է, որ 2022-ին առևտուրը ՀՀ և ՌԴ միջև աճել է ավելի քան 83 տոկոսով, իսկ 2023-ի հունվար-ապրիլին աճը կազմել է 96 տոկոս։
«Հայաստանը շատ արագ աճող տնտեսություն է, որի զարգացումը զսպվում է Վերին Լարսի նեղ անցումով»,-ասել է Օվերչուկը։
Այն դիտարկմանը, թե գուցե հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ դեպի Արևմուտք է նայում, Օվերչուկը պատասխանել է, որ Փաշինյանը Կրեմլում շատ փաստարկված և միանշանակ ասել է, որ ՌԴ-ն է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և բուռն տնտեսական աճի պատճառը։
«Անդամությունը ԵԱՏՄ-ին, այն է՝ մաքսային սահմանափակումների բացակայությունը, անխոչընդոտ միջավայրը, կապիտալի, աշխատուժի, ազատ տեղաշարժը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը՝ այս ամենը հսկայական առավելություն է տալիս Հայաստանին այն տնտեսական աճի համար, որ կա այդ մեզ համար մերձավոր երկրում։ Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի տնտեսական հաջողությունները, որոնք կենդանի օրինակ են ծառայում, որ ՌԴ առաջարկած ինտեգրման կուրսը ճիշտ է։ Անգամ չեմ ուզում մտածել ՀՀ և ՌԴ խզման հնարավոր հետևանքները՝ դրանք չափազանց ակնհայտ են»,-ասել է նա։
2022-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187%-ով։ Այդ մասին Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021-ի արդյունքների հետ։ Նա նշել է, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս:
Եվրասիական զարգացման բանկը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2.8 անգամ։