AM
20 June 2023 - 07:47 AMT

ՄԱԿ–ի ՄԻ հանձնակատարը շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը

ՄԱԿ–ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը խոսել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորության մասին։ Այս մասին նա ասել է Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

Թյուրքը զեկույց է ներկայացրել աշխարհում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նա նշել է, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

«Մարդիկ ավելի խոցելի են դառնում ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող կառույցների հետ շփման և նրանց կողմից կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում: ՄԱԿ-ի մուտքն այդ տարածքներ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը», – ասել է Թյուրքը:

Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա:

«Ես նաև շեշտում եմ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը», – ասել է Թյուրքը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։