ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը վերջին շրջանում բնակվում է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ-ում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը 2-3 օր հետո աղետալի կլինի 120,000 մարդու վիճակը։
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, և ինձ ճանաչող մարդիկ։ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։
Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։
համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց….
Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։
Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
Հիվանդանոց դեղեր չեն հասնում։
Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի։
Թվարկել կարող եմ հազարավոր … Բայց…
Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ։
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք …
Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ …
Սպասում եմ արձագանքի ու քայլերի»,-ասվում է գրառման մեջ։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: