AM
23 June 2023 - 09:48 AMT

Բաքուն հնարավոր է համարում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը 2023-ին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը ընթացիկ տարում։

«Եթե Երևանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններով հանդես գա, այլև ինչ-որ գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», -ասել է Բայրամովը Reuters-ին, հայտնում է Interfax.az-ը։

«Բայց եթե Հայաստանը դրան պատրաստ չէ, ապա պայմանագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։ Նա հայտարարել է, որ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը: