AM
24 June 2023 - 07:20 AMT

Վերակենդանացման բաժնում գտնվող 1 տարեկան երեխան Արցախից անհապաղ տեղափոխման կարիք ունի

Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և մոտ 190 բուժառու՝ տարբեր ախտորոշումներով սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ 1 տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, կարիք ունի անհապաղ տեղափոխման։

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում։

Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։

ԱՀ Առողջապահության նախարարությունը այս օրերին որոշակի չափաքանակով պահեստավորել է դեղորայք և բժշկական պարագաներ, սակայն պաշարները շատ սուղ են և իրավիճակի շարունակական լինելուն պես համակարգը կկանգնի լուրջ խնդիրների առջև։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)