AM
26 June 2023 - 06:22 AMT

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է «ԼՂ ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումներն ԱՄՆ Կոնգրեսում

Արցախի ԱԳ նախարարությունը ողջունել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում:

«Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։

Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար»,-ասվում է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)