Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հեռացրել են բետոնե պատնեշները Հակարիի կամրջից։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Հունիսի 24-ի ուշ երեկոյան արված գրառման մեջ նա նշել էր, որ առաջիկայում սպասվում է ԿԽՄԿ մեքենաների անցումը Ստեփանակերտից դեպի Հայաստան։
Ըստ Հաջիևի, «հայկական լոբբին վճարում է և կաշառում եվրոպացի քաղաքական գործիչներին և Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնց սելֆի են անում սահմանի այն կողմից»։
Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ հունիսի 25-ին վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ՝ տեղափոխվել է 15 բուժառու։
10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին