AM
26 June 2023 - 14:35 AMT

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը «սեփական քաղաքացիների համար»

ԵԽԽՎ նախագահ Թինի Կոխը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որպեսզի «Ադրբեջանի քաղաքացիները Ղարաբաղում» ապահովվեն օգնությամբ: Կոխը նշել է, որ բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է՝ հայկական մեծ բնակչությամբ, բայց «դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս անել ինչ ուզում է այդ քաղաքացիների հետ»:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը հանգեցնում է, կարող է հանգեցնել հսկայական աղետի, այդ տարածքում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են այդ միջանցքից, հայտնում է Aravot.am-ը։

«Միջանցքը փակված է, և դա Ադրբեջանի կողմից սեփական պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել իր պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, Ադրբեջանի տարածքի քաղաքացիներին»,- ասել է Կոխը:

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին