AM
28 Հունիս 2023 - 09:16 AMT

Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատումը, ԼՂ հայերի իրավունքները

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:

Մինչդեռ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։