AM
28 June 2023 - 10:15 AMT

ԱՀ ԱԺ նախագահ․ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում

Արցախի Ազգային ժողովը հունիսի 28-ին գումարած նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում ԱՀ բնակչությանը, այլև նրանց հասցրել է բնաջնջման եզրին, գրում է Aravot.am-ը։

«Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու։ ԵԱՀԿ համանախագահները և այլ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կյանքը, փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել նա։

Արթուր Թովմասյանը նշել է, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ բանաձևը՝ Լաչինի միջանցքի ազատ ու անվտանգ մուտքի ապահովման մասին, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունը, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը։

«Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»,- հավելել է նա։

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին