AM
28 June 2023 - 13:13 AMT

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀՀ

Հունիսի 28-ին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ 14 բուժառու ուղեկցողների հետ Արցախից տեղափոխվել է Հայաստան։

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բուժառուները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուի ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին