44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող է, 19-ը՝ քաղաքացիական անձ: Այս տվյալները Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում» տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյան:
Նա նշել է, որ հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:
«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհետ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»-նշել է Կարեն Սարգսյանը,
Ելույթի իր խոսքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայն, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել ՀՀ գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ: Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները: