Չեղարկվել է Աբխազիա-Արցախ ֆուտբոլային հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպումը պետք է տեղի ունենար հուլիսի 10-ին՝ Սուխումի «Դինամո» մարզադաշտում՝ ConIFA 2024 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, հայտնում է Հանրային ռադիոն։
«Արցախում անկայուն իրավիճակով պայմանավորված՝ թիմը չի կարող մասնակցել նշանակված ֆուտբոլային հանդիպմանը։ Հանդիպումը հետաձգվում է: Ցավում ենք ստեղծված իրավիճակի համար։ Կապի մեջ ենք Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ խաղի նոր հնարավոր ամսաթիվը որոշելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։