Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումը, որի համաձայն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ:
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
ԱՀ Կառավարության որոշման համաձայն հանրային սննդի օբյեկտներում արգելվում է.
-Տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների (բացառությամբ մինչև 50 անձանց մասնակցությամբ անցկացվելիք հարսանյաց ճաշկերույթների) կազմակերպումը և անցկացումը
-30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը
-Սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման։
1.Սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
2.Հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները»։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։