Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ, տեսնելով, թե ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունն ինչպես են թափ առնում, պարզ է, որ իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը։
«Եթե դատենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, այդ պայմանը միշտ էլ կար, տարբեր մակարդակներով դրա մասին հնչեցվում է։ Արցախի պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, և Արցախի ժողովուրդն է որոշում կայացնում», – ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։
Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Նա ասել է, որ թեև ՀՀ-ն ստիպված եղավ ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, չնայած դրան, «իրենց տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս մնում են հայկական զինված ուժերի մնացորդները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Արցախում ՀՀ բանակ չկա, իսկ ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնելԱդրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: