AM
6 July 2023 - 09:18 AMT

ԱՀ ՄԻՊ․ ՀՀ իշխանության` Արցախի մասին հայտարարությունները վնասում են ընդհանուր գործին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտ–Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից արվող քաղաքական հայտարարությունները, որոնցով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, որոշակի խոչընդոտներ են հարուցում։

Նրա խոսքով` միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ նրանք ևս հաճախ վկայակոչում են հենց այդ հայտարարությունները, գրում է Sputnik Արմենիան։

«Ես կարող եմ անվերապահորեն ասել, որ ցանկալի կլիներ` Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք վնասում են ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում, ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,– նշել է Ստեփանյանը։

Նա հավելել է` մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրությունն ամբողջությամբ ընկալի ստեղծված հումանիտար աղետալի վիճակը, մյուս կողմից նման հայտարարություններ են արվում։

Նա շեշտել է` վերջին 7 ամիսների ընթացքում հումանիտար սպառնալիքներն այնքան ընդգծված չեն եղել, որքան հիմա են։

Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով դրանք չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, մասնավորապես Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը միջազգային գործընկերներին ներկայացնելիս, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։

«ՄԻՊ-ը կառավարության, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչ չէ, անկախ պաշտոնատար անձ է և ապաքաղաքական, հետևաբար ինքը ներկայացնում է ինքնուրույն և անկախ տեղեկատվություն` անկախ նաև այն ընդհանուր հայտարարություններից, որ կարող են արվել, քանի որ դրանք հաճախ քաղաքական են, սովորաբար, հենց արտաքին քաղաքական տարր են պարունակում»,– ասել է Մանասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

Դրանից հետո ՔՊ–ական տարբեր գործիչների կողմից ևս հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը ներառյալ։ Վերջին այդպիսի հայտարարությունն արել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը։