AM
6 July 2023 - 13:38 AMT

Զախարովա․ ՌԴ խաղաղապահների գործողությունները ԼՂ-ում կհամապատասխանեն հողի վրա իրավիճակի զարգացմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներով և Լաչինի միջանցքի պահպանվող շրջափակմամբ։

Զախարովան ասել է նաև, որ ռուս խաղաղապահների գործողությունները ԼՂ-ում կհամապատասխանեն հողի վրա իրավիճակի զարգացմանը։

«Մենք ծայրաստիճան մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներով և Լաչինի միջանցքի պահպանվող շրջափակմամբ։ Ըստ առկա տեղեկատվության, հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է: Ափսոսանքով պետք է նշենք, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի պաշարների, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա հակասում է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական դիվանագիտական մեթոդներով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկը քաղաքացիական նպատակներով»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ՌԴ խաղաղապահների գործողությունները կիրականացվեն այն պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև։

Զախարովան հավելել է, որ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նոր եռակողմ շփումները կարգավորման ուղղությամբ հնարավոր են և շուտով տարածաշրջան կայցելի ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

«Ռուսական կողմը կշարունակի կողմերի մոտեցումների մերձեցմանն ուղղված ջանքերը։ Մասնավորապես, առաջիկա պլաններում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան։ Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ։ Եթե այդպիսի տեղեկություն հայտնվի, անպայման տեղյակ կպահենք»,-ասել է նա։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։