AM
6 July 2023 - 15:17 AMT

Զախարովան՝ ԱՀ նախագահի հայտարարության մասին․ Ծանոթ չեմ, չեմ մեկնաբանի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, պատասխանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ Քաշաթաղի 3 գյուղը վաղաժամ է Ադրբեջանին հանձնվել է ՌԴ խաղաղապահների պարտադրանքով, ասել է, որ ծանոթ չէ նման հայտարարությունների։

«Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, և նման պաշտոնների էլ ծանոթ չեմ, ուստի, չեմ կարող մեկնաբանել»,-ասել է Զախարովան։

Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Քաշաթաղի 3 բնակավայր՝ Աղավնոն, Սուսը և Բերձորը վաղաժամ է Ադրբեջանին հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։

«Եվ ես ազնիվ եմ եղել, ձեզ ցույց եմ տվել բոլոր նամակագրություններն այդ ժամանակ ռուսական կողմի և ադրբեջանական կողմի։ Եթե դուք չեք տեսել, ապա ձեր գործընկերները տեսել են, որ ռուսական կողմը պարտադրում էր մեզ, խաղաղապահ կողմը պարտադրում էր մեզ գնալ դրան։ Դե որ այդպես է, այսօր եկեք գնանք ռուսական կողմին պարտադրենք՝ ինչո՞ւ չի կատարում։ Գիտեք, դուք ձեզ հակասում եք․ մի կողմից՝ ասում եք, որ խաղաղապահ ուժերը չեն մեղավոր և այլն, և այլն։ Այո՛, ես առաջնորդվում եմ բոլոր հարցերում խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով և ռուսական կողմի հետ համագործակցելով։ Ի դեպ, նշեմ, որ չեմ ասում ուղղակի, բայց դուք ստիպում եք այս դահլիճում ասել՝ այո՛, մենք համաձայնեցնում ենք մեր քայլերը, համաձայնեցնելով ենք այդքանն անում։ Ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից՝ քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված՝ խաղաղապահ ուժերի և անհրաժեշտ մարդկանց հետ՝ այդ ուժերը ղեկավարող, ավելի ճիշտ՝ խաղաղապահ ուժերը ղեկավարող, այո, կառույցների հետ»,- ասել է Հարությունյանը, հայտնել էր Factor.am-ը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։