AM
7 July 2023 - 06:48 AMT

Ադրբեջանում դատախազը 12 տարվա ազատազրկում է պահանջել առևանգված 2 հայ զինծառայողի համար

Ադրբեջանում դատախազը 12 տարվա ազատազրկում է պահանջել առևանգված 2 հայ զինծառայողի համար, որոնց հետ կապը կորել էր մայիսի 26-ին՝ մարտական դիրքեր սնունդ տանելիս:

Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին մեղադրում են Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և «այլ ծանր հանցագործությունների մեջ», այդ թվում՝ «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ», հայտնում է Haqqin.az-ը։

Դատավճիռը հրապարակվելու է հուլիսի 7-ին։

ՀՀ ԶՈւ երկու զինծառայողին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: