AM
7 July 2023 - 09:22 AMT

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 11․5 տարվա ազատազրկման

Մայիսի 26-ին ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել են 11․5 տարվա ազատազրկման։

Սումգայիթում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել էր նրանց համար 12 տարվա ազատազրկում, հայտնում է Haqqin.az-ը։

Հայ զինծառայողներին մեղադրել են Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և «այլ ծանր հանցագործությունների մեջ», այդ թվում՝ «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ»

ՀՀ ԶՈւ երկու զինծառայողին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: