AM
8 July 2023 - 07:26 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Մաճկալաշենի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։