AM
10 July 2023 - 08:39 AMT

Լուազոն՝ Կլաարին․ Եվրախորհրդարանն ուզում է, որ գործեք՝ պաշտպանեք ԼՂ բնակիչներին

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն խիստ է արձագանքել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն գրառմանը, որտեղ նա գրել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է»։

Լուաոզն, դիմելով Կլաարին, նշել է, որ Եվրախորհրդարանն ուզում է, որ գործեն՝ պաշտպանեն ԼՂ բնակիչներին, հայտնում է «Առավոտը»։

«Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։ Արդյո՞ք, «հաճելի է» կարդալը, երբ առ այսօր պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։

Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը և օգտագործել այն առաջինը, Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք։ Եվ պաշտպանեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին, և ոչ թե գործեք հաճույք պատճառելով նրան, ով կրում է այս սարսափելի իրավիճակի պատասխանատվությունը»,- ասվում է Լուազոյի գրառման մեջ։

Հուլիսի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է, սակայն մի քանի ժամ անց պարզվեց, որ որ ադրբեջանական կողմը հուլիսի 9-ի կեսօրին անջատել է վերականգնված գազամատակարարումը: «Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը»,-հայտնել է «Արցախ» ՓԲԸ-ն։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, արձագանքելով Արցախի գազամատակարարումը մի քանի ժամով վերականգնելու և կրկին դադարեցնելու փաստին, նշել է, որ խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։