AM
10 July 2023 - 10:33 AMT

Արցախի Վարնկաթաղում հողերի մեծ մասը չի մշակվում՝ հակառակորդի նշանառության տակ է

Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։ Այդ մասին ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում, ուստի այս տարի իրենց վարելահողերի մի փոքր մասն են կարողացել միայն մշակել, հայտնում է «Արցախպրեսը»։

«Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, ով մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը:

Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:

«Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի ու Կարմիր խաչի կողմից ստացել ենք կարտոֆիլի և մի շարք մշակաբույսերի սերմեր։ Բնակիչ ունենք, ով կարողացել է կարտոֆիլի այնքան ցանքս կատարել, որ բերքի մի մասն իրացնում է հարևան բնակավայրերում, սակայն տրանսպորտային վառելիքի սղության պատճառով չի կարողանում նաև Ստեփանակերտ հասցնել»,- ներկայացրել է Հ․ Բախշիյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է բանջարաբոստանային մշակաբույսերից՝ կարտոֆիլի, լոբու և վարունգի բերքահավաքը:

Ըստ համայնքապետի՝ կարկուտի պատճառով այս տարի վնասվել են մրգատու այգիները: Այդուհանդերձ, թթի բերք որոշ չափով կարողացել են ստանալ, որից նախատեսում են դոշաբի և օղու պատրաստել:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վարնկաթաղում հետպատերազմյան ժամանակահատվածում քիչ թվով բնակիչներ են զբաղվում անասնապահությամբ՝ ապահովելով իրենց ընտանիքների, որոշակիորեն նաև գյուղի պահանջարկը:

Հրանտ Բախշիյանի գնահատմամբ՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։