AM
11 July 2023 - 07:29 AMT

Տեղումները մի փոքր բարելավել են Սարսանգի ջրամբարի վիճակը, բայց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի

Ստեփանակերտում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հերթական քննարկումն է անցկացվել Սարսանգի ջրամբարի վիճակի վերաբերյալ, որի ջրային պաշարը շրջափակման պայմաններում խիստ նվազել են։ Այդ մասին հայտնել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Քննարկմանը մասնակցել են ԱՀ Բնապահպանության կոմիտեի, ՄԻՊ-ի գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նշվել է, որ նախընթաց տեղումնառատ շաբաթները փոքր-ինչ բարելավել են Արցախի խոշոր ջրամբարի վիճակը, բայց վերականգնման համար անհամեմատ երկար ժամանակ է կպահանջվի:

Նշվել է նաև, որ ադրբեջանական շրջափակման պատճառով Սարսանգի ջրամբարը կանգնած է լուրջ բնապահպանական խնդիրների առաջ՝ դա դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով։

Շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել էլեկտրաէներգիայի արտադրության միայն ներքին ենթակառուցվածքը, որի հզորության մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին: