Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստան, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի ԱՀ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, ավելի քան 186 բուժառու սպասում է տեղափոխման ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ:
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Ըստ ադրբեջանական կողմի, ԿԽՄԿ մեքենաներում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բենզին, ծխախոտ։