Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ ՊԲ-ն հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։
«Դա հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: