Հուլիսի 12-ին Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նա նախ պատասխանել է հավաքի մասնակիցներին հուզող հարցերին, այնուհետև նրա ուղեկցությամբ նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո պետնախարարը կրկին հանդիպել է հավաքված հանրության հետ և հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի պահանջներին, հայտնում է Արցախպրեսը։
«Քննարկման արդյունքում երկրի նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ։
Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպվածություն են ցուցաբերում, բայց այս դեպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,-ասել է պետնախարարը։
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնողները որոշում են կայացրել սպասել եռակողմ հանդիպման արդյունքներին: Նշվել է, որ առաջիկա անելիքների մասին նախապես կհայտարարվի:
Հուլիսի 12-ին Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» բողոքի ակցիա է իրականացրել։ Մասնակիցները հայտարարել էին, որ քայլերթով գնում են փակ միջանցքը բացելու։