Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` ակնկալում են, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն:
«ՍՈՈՈՈՍ…
Վաղը առավոտվանից Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:
Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:
Արցախը միայնակ չէ…Արցախը մենք ենք…»,-ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:
Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: