Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Դրագան Կոզիչի հետ հանդիպմանը ասել է, թե Ղարաբաղի բնակիչներին կենսապահովման միջոցներով ապահովելու համար հնարավորություն կա օգտվելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, հայտնում է Interfax.az-ը։
Քննարկումների ընթացքում Բայրամովը նաև խոսել է «ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բժշկական նպատակներով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ»։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: