Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհի օգտագործմանը, լեգիտիմացնում է ԱՀ շրջափակումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին։ Հետևաբար, առկա խնդիրները լուծելու փոխարեն, միջնորդները կարող են նպաստել նոր խնդիրների առաջացմանը։
ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է արդարացում հանդիսանալ Արցախի հայերի դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքներով հպարտացող ԵՄ-ն աջակցում է բռնապետական Ադրբեջանին իր նախաձեռնություններում ՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և իր բնաիկ հողերից արցախահայության բռնի տեղահանման քաղաքականությանը»,-ասվում է գրառման մեջ։
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները՝ Ասկերանի բնակիչների հետ մեկտեղ, բողոքի ակցիա են անցկացրել Ասկերան-Ակնա ճանապարհին ու բետոնե արգելապատնեշներով փակել այն։ Արցախցիները մտավախություն ունեն, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախը կլանելու հերթական ծրագիրը կարող է գործի դրվել։