AM
20 July 2023 - 10:43 AMT

Բաքուն պահանջում է ՀՀ-ից դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը․ Նամակ են գրել նախարարին

Բաքուն պահանջում է ՀՀ-ից դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։

Ընդ որում, Ադրբեջանի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանը գտնվում է ՀՀ և Ադրբեջանի «պայմանական սահմանի» մոտ։

Նշվում է, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը նամակ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը Երասխում ծավալվող գործունեության կապակցությամբ, որը «գտնվում է ՀՀ և Ադրբեջանի պայմանական սահմանից մի քանի հարյուր մետրի վրա և կարող է անդրսահմանային հետևանքներ ունենալ», գրում է Interfax.az-ը։

Նշվում է, որ նախաձեռնվել է Էսպոյի կոնվենցիայով նախատեսված համապատասխան ընթացակարգ։

Նաև նշվում է, թե «Ադրբեջանը ոչ մի ծանուցում չի ստացել Հայաստանից այդ նախագծի վերաբերյալ»։

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան Virtual Funding և CSE Global Investments ընկերությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակահերթ արձակի անզեն բանվորերի ուղղությամբ, ընկերությունները դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է։

Նշվում է, որ վերոնշյալ ընկերությունները գործողություններ են իրականացնելու միջազգային իրավական հարթակներում, որոնց համար չեն խնայի որևէ միջոց և պահանջելու են կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: