ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ խաղաղապահները 2025թ․ պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից, հիշեցրել է, որ Թուրքիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ։
Նա ասել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է պահանջված։
«Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը և հենց այդ փաստաթղթում են հստակ ուրվագծված ինչպես զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», – ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում, իսկ նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։
«Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, զորախմբի գործունեությունն էլ ավելի պահանջված է»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին: Նա հիշեցրել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը։
Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: