Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, և մի քանի կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել։
Առաջարկներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների առաքելությանը ՄԱԿ միջազգային պաշտոնական մանդատ տալն է։
«Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է: Այս իրավիճակը հաղթահարելու համար հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն:
1.Մարդասիրական օդային միջանցքի գործարկումն առաջնային նշանակություն ունի: ՄԱԿ–ի կամ միջազգային այլ կառույցների մարդասիրական առաքելությունները պետք է կարողանան ժամանել ուղիղ Ստեփանակերտ ու օգնություն տրամադրել:
2.Հնարավորինս շտապ Արցախ պետք է ուղարկվի ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառուցի (ԵԽԽՎ, ԵՄ) փաստահավաք առաքելություն: Տեղում իրավիճակի անմիջական դիտարկումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել ճգնաժամի լրջության մասին:
3.Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ և Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։
4.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է ՄԱԿ միջազգային պաշտոնական մանդատ ստանա: ՄԱԿ-ը կարող է դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընդլայնման տարբերակներ, օրինակ՝ չինական խաղաղապահ կոնտինգենտի ներգրավմամբ։
5.Չափազանց կարևոր է հասկանալ, որ որքան էլ բարձրաձայնում են ճգնաժամի հումանիտար կողմի մասին, բայց առկա խնդիրներն ունեն քաղաքական և պատմական հիմքեր: Հայերի դեմ պետական մակարդակով ատելության քարոզը Ալիևի ավտորիտար վարչակարգի կարևոր հիմնասյուներից է: Այս փաստն անտեսել հնարավոր չէ:
6․Աշխարհահռչակ ու ազդեցիկ հայերն ու մեր ժողովրդի օտարազգի բարեկամներն իրենց ակտիվությամբ մեծ դեր կարող են խաղալ Արցախում ծավալվող ողբերգության մասին բարձրաձայնելու հարցում:
Ընկերներ, օգնեք Արցախի հայերի ձայնը լսելի դարձնել:
Միայն միահամուռ ուժերով ու կողք կողքի կանգնելով կարող ենք այս պատմական բարդ փուլը հաղթահարել:
Արցախը հայկական աշխարհի անբաժան մասն է, այս հողը մեր գենետիկ կոդի բաղկացուցիչն է, ուստի այս պայքարը բոլորինս է»,-ասվում է գրառման մեջ։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։