Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որի ընթացքում ելույթ է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ իր մտահոգությունն է հնչեցրել նաև կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նեյլ Հոլանդը։
Նա նշել է, որ Լոնդոնն աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով, հայտնում է Factor.am-ը։
«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի գործունեության շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Մենք աջակցում ենք Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից։ Որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն»,- ասել է բրիտանացի դեսպանը։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ:
«Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետ է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- հավելել է բրիտանացի դիվանագետը։
Նեյլ Հոլանդը նշել է, որ «ոգևորված են հուլիսի 15-ին ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ, և հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ թափը կշարունակվի»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը և նաև նշել Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։
«Նաև նշել եմ Աղդամի ուղղությամբ մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես 2 տարբերակն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ հումանիտար մատակարարումները երկու կողմից՝ ապահովելու բնակչության պահանջները»,-ասել է նա։