Ացախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել: Նա առաջարկում է հրաժարվել պայքարի իմիտացիայից, երկխոսել Բաքվի հետ և դիմել ՌԴ-ին՝ հ հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա նաև առաջարկում է դիմել ՄԱԿ-ին՝ վերանայելու Ադրբեջանի անդամակցությունն այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։
«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքարն» է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։
Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝
Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,
Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,
Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։
Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։