AM
22 July 2023 - 09:07 AMT

Մի խումբ արցախցիներ փորձել են անցնել Հակարիի կամրջով․ Թույլ չեն տվել

Հուլիսի 21-ին «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանի նախաձեռնությամբ Արցախի մի խումբ բնակիչներ և մի շարք միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուղևորվել են դեպի Արցախ։ Այս քայլի նպատակն էր փորձել անարգել անցնել Հակարիի կամուրջը՝ շրջանցելով ադրբեջանական ապօրինի անցակետը։

Կամրջից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա ԱՀ անձնագրային անցակետի մոտ տեղադրված ուղեփակոցի մոտ, սակայն, խումբը կանգնեցրել են հայ սահմանապահները։ Ճանապարհահատվածը համարվում է չեզոք գոտի, իսկ այնտեղով անցնելու համար անհրաժեշտ է եղել ստանալ ռուս խաղաղապահների թույլտվությունը, հայտնում է Aysor.am-ը։

Չորս ժամվա ընթացքում խաղաղապահների հետ կապվել չի հաջողվել, նրանց պաշտոնական հեռախոսահամարով զանգերն անպատասխան են մնացել։

Մարգարիտա Քարամյանը տեղեկացրել է, որ ինքը Հադրութից է և չի կարողանում գնալ Արցախ իր թոռներին տեսնելու, որոնցից բաժանված է արդեն 7 ամիս։ Քարամյանը հայկական ուղեկալի դիմացից զանգահարեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբ, որպեսզի խաղաղապահների ներկայացուցիչները գան իրենց դիմավորեն և ուղեկցեն Հակարիի կամրջով դեպի Արցախ, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին, հայտնում է Panorama.am-ը։

Մարգարիտա Քարամյանը հայտարարել է, որ հերթական անգամ ապացուցվեց, որ Լաչինի միջանցքը փակ է, և կեղծիք է ադրբեջանական հայտարարությունները, թե միջանցքը բաց է։ Նա հայտնեց, որ հերթական անգամ իրեն չհաջողվեց միավորվել Արցախում գտնվող իր հարազատների հետ։

Ակցիայի ամբողջ ընթացքում նշված ճանապարհով չի անցել գեթ մեկ մեքենա, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, փոխարենը կամրջի ստորին հատվածում նկատվել է մեծ քանակով ադրբեջանական մեքենաների շարժ։ Դե իսկ Գորիս քաղաքի հյուրանոցներում այս պահին մեծ թվով Արցախի բնակիչներ են շարունակում ապրել` սպասելով ընտանիքների հետ միավորվելուն։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։