AM
24 July 2023 - 08:58 AMT

Վարդանյան․ Հենց այս ծանրագույն պայմաններում սկսում ենք Հակոբավանքի վերանորոգումը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱՀ-ում տիրող հենց այս ծանրագույն պայմաններում սկսում են 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը:

«Հենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը: Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի վերակառուցելու ենք մեր ինքնության մասը կազմող այս հոգևոր տաճարը: Ու մեր այս քայլով ցույց ենք տալու, որ անկոտրում ենք:

Մեզ փորձում են ցեղասպանել, սովամահ անել , իսկ մենք վերականգնում ենք մեր Արժեքները, մեր Հավատը, մեր Ոգին ու մեր Կամքը, որովհետև աշխարհում իրականում գոյություն չունի ոչ մի ուժ, որն ի զորու է հաղթել իրենց հողի վրա ապրող ու իրենց Հավատը, Ոգին ու Կամքն ամուր պահող մարդկանց:

Ու ոչ միայն հնադարյա սրբավայրն է նոր շունչ ստանալու, այլև վերականգնելու ենք տները, սկսելու ենք կրթական նոր ծրագրեր: Մեր ձեռքերով կառուցելու ենք դեպի տաճար տանող ճանապարհը:

Վերանորոգման աշխատանքներն սկսելու ենք հուլիսի 28-ին: Սպասում ենք բոլորին Ստեփանակերտի «Մեր Սարերը» կենտրոնում, Սասունցի Դավիթ 2»,-ասվում է գրառման մեջ։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։