AM
24 July 2023 - 09:00 AMT

Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. Հիվանդանոցը ճգնաժամի շեմին է

Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավելացել են վիսցերալ լեյշմանիոզի դեպքերը։ Մի քանի օր առաջ հիվանդանոցը միանգամից երկու այդպիսի հիվանդ է ընդունել։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը։

«Շտապ կարգով սկսեցինք բուժումը, իհարկե ՌԴ խաղաղապահների օգնությամբ, քանի որ ուղղաթիռներով հասցրեցին երեխաներին (նրանք չէին կարողանում հասնել հիվանդանոց վառելիքի բացակայության պատճառով-խմբ.)։ Իսկ լեյշմանիոզը բավական ծանր ու լուրջ հիվանդություն է, եթե այն ժամանակին չսկսենք բուժել կամ կիսատ թողնենք, կարող է երեխայի համար ճակատագրական լինել»,– նշել է բժիշկը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վառելիքի սղությունն, առհասարակ, Արցախում դարձել է հիվանդությունների բարդացման պատճառ։ Բուժառուները բազմաթիվ դեպքերում հիվանդանոց են հասնում արդեն ծանր վիճակում։

«Ունենք այնպիսի երեխաներ, որոնց ուշացած ենք ընդունում։ Անգամ կույրաղիքի դեպքն այնքան բարդացած Է լինում, որ երեխային բերում են պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում)»,– ասել է Մեսրոպ Մարգարյանը։

Հիվանդին Երևան տեղափոխելու անհնարինության դեպքում տեղի բժիշկները ստիպված են լինում աննախադեպ վիրահատություններ կատարել, որպեսզի փրկեն երեխաների կյանքը։ Այդպես` 2 օր առաջ «Արևիկ» մանկական բուժմիավորումում վիրահատել են պիլորոստենոզ ախտորոշմամբ 1 ամսեկան երեխայի։ Բարեբախտաբար վիրահատությունը լավ է անցել։

Արցախի բուժմիավորումներում այս պահին շարունակում են սուղ մնալ դեղորայքն ու բժշկական պարագաները։ Խնդիր կա նաև երեխաների հետվիրահատական խնամքի հետ կապված։ Օրինակ վիրահատությունից հետո նրանց անհրաժեշտ է լինում մաքուր ֆիլտրված ջուր, վիտամիններով հարուստ սնունդ, դյուրամարս յոգուրտներ, մրգեր ու կաթնամթերք, որը խանութներում արդեն անհնար է գտնել։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։