AM
24 July 2023 - 10:45 AMT

ԱՀ պետնախարար. ԿԽՄԿ-ն համոզել է ադրբեջանցիներին, որ անցակետում բուժզննումը գոնե չնկարահանվի

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում, խոսելով ԱՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ տևական ժամանակ է դեղորայք չի մտնում Արցախ:

Նա նշել է, որ հուլիսի 23-ին հնարավոր եղավ 13 հիվանդ տեղափոխել Հայաստան Կարմիր խաչի միջոցով և ուղեկցությամբ, սակայն, ադրբեջանցիները բժիշկների են նստեցրել անցակետում և պարտադրում են, որ ՀՀ տեղափոխվող հիվանդները բուժննության ենթարկվեն, ինչը լրացուցիչ հոգեբանական դժվարություններ է ստեղծում հիվանդ մարդկանց համար։

Պետնախարարն ասել է, որ «ԿԽՄԿ-ին մի կերպ հաջողվել է համոզել ադրբեջանցիներին, որ անցակետում բուժզննումը գոնե տեսախցիկների առջև չիրականացվի»։

«Պատկերացնում եք, հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաև անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,-ասել է Ներսիսյանը։

Նա նշել է, որ ավելի քան 200 բուժառու ունեն, որոնք սպասում են Հայաստան տեղափոխմանը:

Ներսիսյանը նշել է, որ Ադրբեջանն իրականում մեկ նպատակ ունի՝ Արցախի ժողովրդին ճնշելով՝ Արցախն Ադրբեջանին բռնակցել և, եթե էդ ընթացքում էս ժողովրդին չբնաջնջեն, ապա Արցախում մնացած ժողովրդին ուղղակի հարկադրաբար հպատակեցնել

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։