AM
25 July 2023 - 07:18 AMT

Արցախի նախագահ․ Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին ավելի զգուշավոր լինել իրենց հայտարարություններում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակելու է իր պայքարն ինքնորոշման համար և կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի զգուշավոր լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում, հայտնում է Interfax-ը։

Հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը ներկայացվել է որպես «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ղեկավար»։

«Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Interfax-ի հարցին։

Նա նշել է, որ անկախ հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։

Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է հաշվի առնի նաև արցախցիների իրավունքներն ու ընթանա հավասարության սկզբունքով»։

Նա ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի մատակարարման համար։

Նշվում է, որ միևնույն ժամանակ, Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից Բարդա-Ակնա ճանապարհով մթերք մատակարարելու Ադրբեջանի առաջարկին։

Հարությունյանն ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ևս դժվարություններ ունեն պարենային ապահովման առումով և «նրանք ևս օգտվում են Արցախի սննդի սուղ պաշարներից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։