AM
25 July 2023 - 10:21 AMT

Հարությունյան. Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով:

Այդ մասին Հարությունյանը հայտարարել է հուլիսի 24-ի երեկոյան հրավիրած հրատապ առցանց մամուլի ասուլիսում, որին մասնակցել է միջազգային և սփյուռքից մոտ 100 լրագրող 35 երկրից, հայտնում է Panorama.am-ը։

«Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով:

Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։

Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»,- ասել է բացման խոսքում Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության:

«Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասել է նա:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։