AM
25 July 2023 - 11:18 AMT

Վարչապետը երբևէ չի քննարկել Արցախը ՌԴ կազմում ներառելը և չի դիտարկում 120,000 արցախցուն ՀՀ-ում վերաբնակեցնելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք չի քննարկվել Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, ասել է, որ պատասխան չունի դրան։

Նա ասել է, որ երբևէ նման քննարկում չի ունեցել։

«Ես ուղղակի արձագանք չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետև դա ինձ չի վերաբերում։ Ես երբևէ նման քննարկում չեմ ունեցել»,-ասել է Փաշինյանը։

Մեկ այլ հարցին, թե արդյոք դիտարկվում է ստեղծված իրողություններում 120,000 արցախցիներին Հայաստանում վերաբնակեցնելու հնարավորությունը, եթե նրանց բռնի տեղահանեն, և որքան միջոց կպահանջվի դրա համար, Փաշինյանը պատասխանել է, որ նման հարց չի քննարկվում։

«Ոչ ՀՀ-ն նման հարց չի քննարկում։ ՀՀ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական տներում, ծննդավայրում, երկրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,- ասել է Փաշինյանը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։