AM
25 July 2023 - 11:49 AMT

ԿԽՄԿ-ն կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին դեպի ԼՂ՝ վերջին անգամ շաբաթներ առաջ են թողել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն Արցախի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Չնայած համառ ջանքերին ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով կամ մեկ այլ երթուղով, այդ թվում Աղդամով, մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կազմակերպությունը որոշում կայացնող համապատասխան անձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ–ին վերականգնել իր հիմնական մարդասիրական գործողություններն այդ շրջանում», – ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունը հավելել է, որ վերջին անգամ Կարմիր խաչին թույլատրվել է բժշկական նշանակության առարկաներ և առաջին անհրաժեշտության սնունդ անցկացնել մի քանի շաբաթ առաջ։

«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այդ տարածաշրջանի բնակչության համար։ Քանի որ այդ շարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց։ Հատկապես ռիսկի են ենթարկված հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Այս աշխատանքը կյանքեր փրկելուն է ուղղված, և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի», – մեջբերվում է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերի խոսքը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։