AM
26 July 2023 - 14:29 AMT

Բաքուն հորդորել է Հնդկաստանին վերանայել ՀՀ-ին զենք վաճառելու որոշումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդհանանիի հետ հանդիպմանը հորդորել է Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք վաճառելու որոշումը:

Հաջիևը դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությանը և վերանայել «Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը», գրում է APA-ն։

Ըստ Հաջիևի, հնդկական զենքի առաքումը Հայաստան այն շրջանում, երբ «Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում»։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։