Արցախի հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրամոբիլ ձեռք է բերվել, հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»։
Նշվում է, որ Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։
Ծառայությունից օգտվելու համար գործում է թեժ գիծ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։