AM
27 July 2023 - 12:57 AMT

Ադրբեջանցիները «վերանորոգման» քողի տակ վանդալիզմի են ենթարկել Հադրութի Կավաք վանքի շքամուտքը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները «վերանորոգման» քողի տակ վանդալիզմի են ենթարկել Հադրութի Կավաք վանքի շքամուտքը:

«Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել։

«Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչև ոչնչացումը, ոչնչացումից հետո և տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո»,-գրել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց հանվել է խաչը, ջնջել են հայկական արձանագրությունը։ Ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։