AM
27 July 2023 - 07:25 AMT

Ասկերանի ղեկավար․ Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաներին հնարավոր չէ պատշաճ բուժզննել

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ներկայացնելով իրավիճակը, ասել է, որ Ասկերանի շրջանում շրջափակման պահից առայսօր դիմակայում են և պարտավոր ենք դիմակայել, բայց ունեն բավականին մեծ խնդիրներ:

«Հատկապես վառելիքի սղության պատճառով տարբեր ոլորտներում առաջացել են մի շարք խնդիրներ։ Միջհամայնքային և մայրաքաղաքի հետ կապող բոլոր երթուղիների դադարեցման հետևանքով առողջապահության ոլորտում ունենք ճգնաժամային իրավիճակ։ Կառանձնացնեի ծանր վիճակում գտնվող հիվանդների այցը բուժհաստատություններ։ Հղի կանայք ծանրաբեռնված տրանսպորտով մի կերպ հասնում էին մայրաքաղաք, այժմ երթուղու չգործելու պատճառով դա ևս անհնար է դարձել, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել: Եղած դեղորայքի պաշարը քիչ է, ունենք նաև մանկական կերի պակաս»,-ներկայացրել է Ապրեսյանը, հայտնում է Արցախպրեսը։

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով, տրանսպորտը տնտեսության երակն է, որն այսօր շրջափակման պատճառով չի գործում:

«Մեծ խնդիրներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ բերքը շուկա հասցնելու և իրացնելու համար, ինչպես նաև հողատարածքները մշակելու, բանվորների տեղափոխության հետ կապված: Բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների բերքը, հնարավորության սահմաններում, իրացվում է տեղում` տվյալ տարածքի բնակչության շրջանում, բայց, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում ևս գյուղաբնակներ են և մշակվող սեփական հողատարածքներ ունեն, այդքան էլ պահանջված չէ»,-նշել է նա:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։